Ես այսօր նույնիսկ մեկ ահաբեկիչ չեմ տեսնում լրագրողների մեջ. Կարեն Անդրեասյան
ՀասարակությունՆույնիսկ մեկ ահաբեկիչ այսօր ես չեմ տեսնում լրագրողների մեջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 12-ին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով լրագրողների տեղաշարժի սահմանափակումներին, լրագրողներին համեմատել էր Նաիրի Հունանյանի հետ։ Նա նշել էր, որ լրագրությունը և խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ և եթե անվտանգության մարմինները գտել են, որ առկա են որոշակի ռիսկեր, պետք է հարգել։
Այսօր լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանը փորձեց պարզաբանել այդ հայտարարությունը, որը բավականին բուռն քննարկումների տեղիք էր տվել՝ հատկապես լրագրողական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների շրջանում։
«Երբ ժամանակին ասել եմ կոռումպացված դատավորների մասին, դա չի նշանակում, որ բոլոր դատավորները կոռումպացված են։ Երբ խոսել եմ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ներթափանցել ահաբեկիչ, չի նշանակում, որ ես ասել եմ, որ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ։ Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ»,- նշեց Անդրեասյանը։
Անդրեասյանը պարզաբանեց, որ փորձել է բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում ցանկացածի տեղաշարժը՝ նախարարից մինչև լրագրող, բժշկից մինչև հավաքարար, կարող է սահմանափակվել։
«Այսօր ես՝ որպես նախարար, մտնում եմ հատուկ պահպանվող տարածքներ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որևէ նախարար չի անցել և դա անվտանգության այն կանոններն են, որ մենք հարգում ենք։ Մեր տեղաշարժը ևս սահմանափակված է որոշակիորեն»,- նշեց Անդրեասյանը։