Ինչից են թունավորվել Արմավիրի քաղաքացիները․ նրանց թիվն անընդհատ աճում է. մանրամասներ
ՀասարակությունԵրեկ, օգոստոսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բաժնի վարիչ Անահիտ Հովսեփյանը:
«Գիշերը 10 հոգի է եկել, նրանց մի մասը հրաժարվել և գնացել է, սակայն վերջիններիս առողջական վիճակը այնպիսին էր, որ կարող էին պառկել և բուժում ստանալ: Մեզ դիմած քաղաքացիներից երեկ հոսպիտալացվել է միայն 3-ը, որոնց վիճակը այսօր արդեն միջին ծանրության է՝ ջերմություն ու փսխում չունեն, սակայն լուծը շարունակվում է»,- ասաց Անահիտ Հովսեփյանը:
Վերջինս նշեց, որ այսօր ևս իրենց նույն գանգատներով դիմել են այլ քաղաքացիներ. «Նոր հիվանդներ են գալիս, այսօր 4 հիվանդ ենք ընդունել, նույն խնդրով՝ ջերմության բարձրացումով, փսխումով, լուծով և ընդհանուր թուլությամբ»,- ասաց ինֆեկցիոն բաժնի վարիչը:
Մեր այն հարցին, թե արդյոք վարկած կա՝ քաղաքացիները ինչից կարող էին թունավորվել, Անահիտ Հովսեփյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ խմբակային դեպք է, բոլորը միասին ու միանգամից թունավորվել են: Ամենայն հավանականությամբ, թունավորումը կարող է ջրից լինել»,- նշեց նա:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։