Արծվիկ Մինասյանը ստացել է մարմնական վնասվածք, հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին․ Վարդևանյան
Video«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել, որն իրենից ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաեւ, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, եւ այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա ուղղակի հրմշտոց չէր, այլ խուլիգանական վարքագիծ, ինչի դրսեւորողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Կպատժվեն հիմա՝ այս դատախազության ներքո, թե՝ ժամանակ անց, միեւնույնն է»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության ծրագիրը։
Նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, երբ Աննա Մկրտչյանի բարձրախոսն անջատեցին «կապիտուլյանտ» բառն օգտագործելու համար։ Մկրտչյանին արձագանքեցին իշխող խմբակցության որոշ պատգամավորներ, որոնց արձագանքելուց հետո Աննա Մկրտչյանին Անվտանգության աշխատակիցները դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից։ Այդ ընթացքում պատգամավորների միջև սկսվեց վիճաբանություն և ծեծկռտուք։