Քննարկում ենք ճանապարհի հարցը, որով գոնե սնունդ մտնի գյուղ. Շուռնուխը, Որոտանն ու Բարձրավանը փակուղում են հայտնվել
Հասարակություն

Երեկ գիշերվանից, ինչ ադրբեջանցիները փակել են Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը զրկվել են Գորիսին եւ Կապանին կապող հիմնական ճանապարհներից։
Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ, կարելի է ասել՝ իրենք շրջափակման մեջ են ընկել։ Վերջինս նաև նշել է, որ նախագծով այլընտրանքային ճանապարհ ունեն, որը Կարմիր Խաչը հրաժարվել է ֆինանսավորել․ «Այս պահին սահմանապահ զորքերի հետ քննարկում ենք նման ճանապարհի հարցը, որ գոնե սնունդ կարողանանք գյուղ բերել»։
Բարձրավան գյուղի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանն էլ ասաց, թե իրենք ևս ունեն այլընտրանքային ճանապարհ, որի օգտագործումը խիստ վտանգավոր է․ «Անտառի մոտով դեպի Տաթեւ տանող դաշտամիջյան ճանապարհներ կան, բայց շատ վատ պայմաններ են, այդտեղով հնարավոր չէ, որ ինչ-որ մեքենա գնա կամ գա։ Դրա համար էլ գյուղացիների շարժը այս պահին սահմանափակվել է»,- ընդգծեց նա։
Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի տեղեկություններով էլ՝ այսօր Որոտան ռուս խաղաղապահներ են հաց հասցրել։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, և հրաժարվում են բացել այն։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան–Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր ավելի ուշ։