Գվարդիոլան ցանկություն է հայտնել գլխավորելու ազգային հավաքականը
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ ցանկանում է ուժերը փորձել ազգային թիմում անգլիական ֆուտբոլային ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո:
Գվարդիոլան «Սիթիի» ղեկավարի պաշտոնը ստանձնեց 2016 թվականին: Իսպանացի մասնագետի ղեկավարությամբ՝ թիմը երեք անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, չորս անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը, մեկ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր և անցած մրցաշրջանում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 50-ամյա մարզչի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը:
«Իմ հաջորդ քայլը կլինի ազգային հավաքականը, եթե հնարավորություն ստեղծվի: Ես պետք է ընդմիջում անեմ յոթ տարի հետո՝ աշխատելով «Սիթիում»: Ես պետք է կանգնեմ և դիտեմ, սովորեմ այլ մարզիչներից և գուցե գնամ այս ճանապարհով` թիմի հետ աշխատելով, որը կմասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին, Ամերիկայի գավաթին», - Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ge.globo.com-ը:
Նախկինում Գվարդիոլան գլխավորում էր իսպանական «Բարսելոնան» և գերմանական «Բավարիան»: