Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը. Միրզոյան
ForeignԵրեւանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Բաքվի հետ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ` հավասարության եւ ուժի չկիրառման հիման վրա:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո համանախագահները հանդես են եկել մի շարք հայտարարություններով: Հայկական կողմը ողջունել է այդ հայտարարությունները՝ համարելով, որ դրանք տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզ են»,- ասել է նախարարը:
Միաժամանակ, Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, առաջին հերթին՝ բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման վերաբերյալ: Նախարարը նաև մեղադրել է Բաքվին Հայաստանի տարածք ներխուժելու և տարածքային կեղծ պահանջներ ներկայացնելու մեջ:
«Հայկական կողմը հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը»,-ընդգծել է Միրզոյանը: