Ռոնալդուն սկսել է մարզումները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում
Սպորտ«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին և սկսել մարզումները թիմի հետ, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
Ռոնալդուն օգոստոսին Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա պայմանագիրը կնքվեց 2+1 սկզբունքով: Ավելի վաղ ակումբը հայտարարել էր, որ 36-ամյա պորտուգալացին ստացել է խաղային յոթերորդ համարը: Ռոնալդուն արդեն խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին և թիմի կազմում անցկացրել է 292 հանդիպում՝ դառնալով 118 գոլի հեղինակ:
Սեպտեմբերի 3-ին ֆուտբոլիստը մեկնեց Մանչեսթեր և անմիջապես ինքնամեկուսացավ: Երեքշաբթի օրը Ռոնալդուն հանդիպեց Սուլշերին, որի հետ նա խաղում էր «Մանչեսթերում»՝ ակումբ առաջին ժամանման ժամանակ: Բացի այդ՝ պորտուգալացին հանդիպեց իր թիմակիցներին և միացավ նրանց մարզումներին:
Անգլիայի առաջնության առաջիկա խաղում սեպտեմբերի 11-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալի «Նյուքասլին»: