Կառավարությունը մեզ համար ոչինչ չի արել, մենակ վերմիշել ու բրինձ են տվել. հադրութցիների ու քաշաթաղցիների բողոքի ակցիան
SocietyԱյսօր՝ սեպտեմբերի 9-ին, հադրութցիներն ու քաշաթաղցիները բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելու իրենց տուն տրամադրել:
«Ես Հադրութից եմ, մնում էի Նաիրի հյուրանոցում, բայց վեշերս հանել, շպրտել են դուրս, ասում են՝ ուր ուզում ես, գնա, մնա: Մեր Կառավարությունը մեզ համար ոչինչ չի արել, մենակ վերմիշել, բրինձ են տվել, էդ էլ ուտում ենք: Վարչակազմի ղեկավարին եմ զանգել, ասում ա՝ դու մտածում ես՝ ես որտեղ եմ մնում, տո՛ անասո՛ւն, ես պիտի՞ մտածեմ,՝ որտեղ ես մնում: Բարի մարդիկ ինչ տալիս են, դրանով էլ յոլա ենք գնում: Պետական աշխատողները իրենց փողը ստանում են պետությունից, բայց ես պետական աշխատող չեմ, պետությունը ոչ մի գումար ինձ չի տվել: Մեզ ոչինչ չի հասնում, բայց ով փախել ա, քաղաքի մեջ լավ տեղավորվել ա, պետությունը լավ էլ օգնում ա իրան»,- նշեց հադրութեցին:
Բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցին էլ ասաց, թե իրենք ամեն ինչի պահանջ ունեն, ո՛չ տուն ունեն, ո՛չ աշխատանք, ո՛չ էլ ապրուստի միջոց. «Թո՛ղ մեզ տներով ապահովեն, գնանք, հանգիստ ապրենք, թո՛ղ մեր տարածքը տան մեզ, գնանք, թող թեկուզ փլատակ լինի, մենք քաղաքի մեջ տուն չենք ուզում»,- ասաց քաղաքացին: