Կիմ Չեն Ընը բավականին նիհարել է և փոխել սանրվածքը (լուսանկար)
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկայացել է Փհենյանում կայացած զորահանդեսին, որը նվիրված ԿԺԴՀ-ի հիմնադրման 73-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է հարավկորեական «Рёнхап» գործակալությունը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ շքերթի տևողությունը մոտ մեկ ժամ է եղել, մինչդեռ դրա ընթացքում ռազմավարական զենքի նոր տեսակներ չեն ցուցադրվել: Համեմատաբար փոքր էր նաև ներգրավված մասնակիցների թիվը: Ինչպես նշել է «Рёнхап»-ի զրուցակիցներից մեկը, երևում է, որ միջոցառումը հիմնականում ուղղված էր տեղի բնակիչներին և ոչ թե միջազգային հանրությանը, չնայած այն բանին, որ դա առաջին ռազմական շքերթն է, որն անցկացվել է ԿԺԴՀ-ում ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո:
Նշվում է, որ ինքը՝ Կիմ Չեն Ընը, շքերթի ժամանակ պաշտոնական ելույթ չի ունեցել: Նրա փոխարեն ներկաներին դիմել է Կորեայի աշխատավորական կուսակցության քարտուղար Ռի Իլ Հվանը: Միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի արտաքին տեսքը ուշադրություն է գրավել, այդ թվում՝ արտասահմանյան ԶԼՄ-ներում, առաջին հերթին՝ քաղաքական գործչի փոփոխված արտաքինի պատճառով: Միջոցառման լուսանկարներում երևում է, որ Կիմ Չեն Ընը խիստ նիհարել է և փոխել սանրվածքը: