Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա օպերատիվ մարմին, կմեծանա գործերի քննության արդյունավետությունը. ՀՔԾ պետ
Հասարակություն«Նոր ձևավորվող Հակակոռուպցիոն կոմիտեի ամենազգալի առավելությունը լինելու է այն, որ այդ կոմիտեն ունենալու է օպերատիվ մարմին և, դրանով պայմանավորված, անշուշտ կմեծանա գործերի քննության արդյունավետությունը»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։
«Անկախ նրանից՝ ես կղեկավարեմ այդ մարմինը, թե այլ անձ, ամեն դեպքում դա դրական տեղաշարժ է: Քննչական մարմինը առհասարակ պետք է ունենա իր օպերատիվ մարմինը, ինչպես շատ զարգացած երկրներում է: Եթե ես ընտրվեմ Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ, ջանքեր կգործադրվեն, որ մարմինն ունենա նաև փորձագիտական կենտրոն, որտեղ հիմնականում կլինեն այն ոլորտի մասնագետները, որոնց հիմնականում ներգրավվում են կոռուպցիոն հանցագործությունների քննությանը՝ ֆինանսական բլոկի մասնագետներ, համակարգչատեխնիկական, շինարարատեխնիկական բնագավառի փորձաքննությունների մասնագետները և այլն»,- ասաց Խաչատրյանը: