Իշխանությունը առիթ չի տվել մտածելու, թե անտեսում է զոհերի հիշատակը. Հայկ Կոնջորյան
PoliticalՀանուն մեր ընկած հերոսների մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք մեր մեջ ուժ գտնելու և պայքարը շարունակելու: Նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը, մեր խոնարհումն ենք հայտնում մեր ընկած հերոսներին, որոնք ընկան հանուն Արցախի և հանուն Հայաստանի: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանց նահատակությունը իմաստավորվի մեր պետության հզորացմամբ և ժողովրդի բարեկեցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:
Նա նշեց, որ աչալրջորեն հետևում են բոլոր նահատակված հերոսների հարազատների հայտարարություններին և նրանք առիթ չեն տվել մտածելու, թե անտեսում են զոհերի հիշատակը. «Մենք առիթ չենք տվել մտածելու՝ այս իշխանությունը որևէ կերպ անտեսում է զոհերի հիշատակը, մենք հարգանքի տուրք մատուցել, մատուցում և մատուցելու ենք»,- նշեց նա:
Լրագրողները ճեպազրույցի ժամանակ պատգամավորին հարցրին նաև Գորիս-Կապանում տեղակայված ադրբեջանական անցակետի մասին, սակայն վերջինս խուսափեց հստակ պատասխան տալ. «Հարգելի՛ գործընկերներ, այս պահին ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերը ապարդյուն են: Իմ անձնական տեսակետները համընկնում են մեր քաղաքական թիմի դիրքորոշումների հետ»,- ասաց Հայկ Կոնջորյանը: