Երկիրը պետք է մաքրվի նախընտրական պաստառներից, որ մարդիկ ստիպված չլինեն հանդուրժել քաղաքական այս կամ այն լիդերի ժպտացող կամ դժգույն դեմքը. Թագուհի Թովմասյան
ՔաղաքականԸնտրությունները պետական համակարգի համար փորձություն են, հասարակության համար՝ սթրես, ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Մենք մինչ օրս շարունակում ենք չհաղթահարել այդ սթրեսը այն պարզ պատճառով, որ մի շարք համայնքներում շարունակում են նախընտրական քարոզչական պաստառնեը փակցված մնալ, այստեղ մենք ունենք խնդիր», - ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ այդ պաստառները հիմնականում իշխող կուսակցության պաստառներն են:
«Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ կամ վախենում են, կամ խուսաափում են պաստառները պոկելուց, ինչը նորմալ չի», - նշեց Թովմասյանը:
Նրա խոսքով՝ պետք է ամբողջ երկիրը մաքրվի նախընտրական տրամադրություններից:
«Մենք չենք կարող հավերժ ապրել ընտրական գործընթացներով ու հավերժ մեր ուշադրությունը սևեռել նախընտրական պաստառների վրա, այս մասով մենք պետք է ինտերակտիվ գործիքակազմ կիրառենք, որ ընտրություններից հետո երկիրը մաքրվի նախընտրական պաստառներից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն հանդուրժել քաղաքական այս կամ այն լիդերի ժպտացող կամ դժգույն դեմքը», - նշեց Թովմասյանը: