Կարոտել եմ Արցախս, զենքս եմ կարոտել, երևի զգում էր՝ մի բան լինելու է. Հարությունը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը (տեսանյութ)
ОбществоՏղաս բանակ զորակոչվելուց ասաց, որ եթե Արցախ չընկի, դիմելու է, որ իրեն տանեն Արցախ, ասում էր՝ իսկական տղան պիտի Արցախում ծառայի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում քաջաբար զոհված Հարություն Հարությունյանի մայրը՝ Աննա Ավետիսյանը:
Հարությունը բանակ է զորակոչվել 2017թ.-ին՝ հունվարի 19-ին՝ մայրիկի ծննդյան օրը. «Արցախում շատ լավ էր ծառայում, երբեք չի տրտնջացել, երբեք չի բողոքել, ծառայակից ընկերները պատմում են, որ նույնիսկ դիրքերում նա մտածում էր իր կոկիկության մասին, ընկերասեր էր և չափից դուրս հայրենասեր»,- հպարտությամբ պատմում է հերոսի մայրը:
Դեռ մանկուց Հարությունը սիրում էր երգել և այն էլ՝ հայրենասիրական երգեր, այդ պատճառով էլ հերոսը ընդունվեց Ջիվանու անվան աշուղական դպրոց, որտեղ էլ հանդիպեց իր միակ սիրուն. «Հարությունը ծառայությունը ավարտելուց հետո այցելում է Ջիվանու անվան աշուղական դպրոց՝ տեսակցելու ընկերներին և ուսուցիչներին, որտեղ էլ հանդիպում է մի չքնաղ հայուհու, սիրահարվում է, մեծ դժվարությամբ գրավում է սյունաց լեռներից ծնունդ առած դուդուկահարուհու սիրտը, ինչից հետո 1 տարի ընկերություն են անում: Նրանց հանդիպումները միշտ անցնում էին երգելով, մեկը մյուսին լրացնելով, երջանիկ էին չափից շատ, որոշել էին ձմռանը նշանադրվել... »,- ցավով պատմում է Աննա Ավետիսյանը:
Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսելու օրը, Հարությունը արդեն մարտի դաշտում էր, իսկ նախորդ օրը ընկերուհուն հրավիրել էր իրենց տուն, կարծես ինչ-որ բան էր զգում. «Սեպտեմբերի 26-ն էր, ընկերուհուն հրավիրեց մեր տուն, այդ օրը Հարութս շատ ուրախ էր ու չափից շատ երջանիկ, լա՜վ կատակում էր, դրա հետ մեկտեղ՝ միացնում էր հայրենասիրական երգեր ու ասում՝ կարոտել եմ Արցախս, զենքս եմ կարոտել, երևի զգում էր՝ մի բան լինելու է: Ու միշտ ասում էր՝ պատերազմ լինի՝ առաջինը ես եմ գնալու, մենք էլ հարցնում էինք՝ գնալո՞ւ ես, ասում էր՝ բա ի?նչ եմ անելու... Առավոտյան արդեն լսեցինք այդ բոթը, տեղից վեր թռավ ու ասաց՝ ես գնում եմ»,- կարոտով վերհիշեց հերոսի մայրը:
Հարությունը սեպտեմբերի 27-ից Ասկերանում էր, նա հսկում էր Աղդամի դիրքերը, զինվորներին էլ ոգեշնչում էր իր հայրենասիրական երգերով. «Իրենց հաջողվել է մի քանի անգամ հետ շպրտել թշնամու կողմից դիվերսիոն հարձակումները, զինվորների ռազմական ոգին էլ արթնանում էր Հարությունիս հայրենասիրական երգերով: Տղաս սկզբի 3 օրը չզանգեց, հետո՝ ամեն օր զանգում էր, մի օր ասաց՝ մա՛մ, Արփինեին կանչի մեր տուն, ստիպի, որ հաց ուտի, ասացի՝ անպայման, տղե՛ս: Հիշում եմ, երբ Արփինեն մեր տանն էր, թխվածք հյուրասիրեցի, ասացի՝ մի կտոր էլ կեր Հարութիս տեղը, պատասխանեց՝ ինքը կգա՝ կուտի... ու էդպես էլ չեկավ»,- հուզմունքով պատմում է Աննան:
Հարությունը դիրքերում պատահական հանդիպել էր իրենց բակի ընկերներից մեկին՝ Ներսեսին, և շատ էր ուրախացել. «Ներսոն ուրախ-ուրախ զանգահարել էր եղբորն ու ասել՝ Հարութն ա եկել մեր մոտ, ինձ թև ու թիկունք կլինի: Ավա՜ղ, Հարութը զոհվեց հենց Ներսոյի ձեռքերի մեջ»,- խորը վշտով ասաց մեր զրուցակիցը:
Հերոսը զոհվել է հոկտեմբերի 8-ին՝ Աղդամի պաշտպանության ժամանակ թշնամու արձակած ԱԹՍ-ի հարվածից. «Ներսեսը, երբ արձակուրդ եկավ, ինձ պատմեց, որ զոհվելուց մեկ օր առաջ տղաներով կրակի մոտ հավաքված մայրիկի մասին երգեր են երգել: Տղաս զոհվեց՝ փրկելով զինակցի կյանքը: Ներսոն պատմեց, որ տղաները նստած են եղել թնդանոթի վրա, ասել են՝ գնանք բլինդաժ, թեյ խմենք ու Հարութն էլ երգի, Հարութս էլ պատասխանել է՝ դուք գնացե՛ք, ես կգա՛մ, տղաները քայլել են դեպի բլինդաժ, երբ որ ԱԹՍ-ի ձայնը լսել է Հարութս, նետվել է տղաներից մեկի վրա, և հարվածը իր վրա կրել՝ դեմքին»,- ցավով նշեց հերոսածին մայրը:
Հիմա Հարությունի մայրը սփոփվում է տղայի զինակցի՝ Ներսեսի պատմած պատմություններով, որում նկարագրվում են Հարությունի կատարած սխրագործությունները. «Ներսոն պատմեց, թե ինչ դուխով է կռվել իմ տղան, պատմում է՝ Հարութը շատ խղճով էր, չէր թողում՝ ժամկետայինները գիշերը հերթափոխ կանգնեն, ինքն էր կանգնում ու չէր քնում, քնելուց էլ՝ բլինդաժի շեմին էր պառկում: Պատմում է՝ տղաս տանկ է խփել, որտեղ վտանգ էր, ասում է՝ էնտեղ Հարութն էր վազում, երբեք չի ընկճվել, միշտ երգով ու հումորով է անցկացրել պատերազմի օրերը: Վա՜խ, Հարո՛ւթ ջան, լսում էի քո մասին՝ հպարտանում էի, բայց ցավս հաղթում էր հպարտությանս, ու արցունքներս գլորվում էին, դու մահից չես վախեցել, բալե՛ս, կռվել ես կյանքի ու մահվան ճիրաններում. ո՞նց դիմանամ, ո՞նց ապրեմ, ես հերոս չէի ուզում...»,- ասաց Աննա Ավանեսյանը:
Զվարթ Պետրոսյան