Մարիամ Գալստյանը պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում
ՔաղաքականԿոռուպցիայի դեմ պայքարը սկսում է յուրաքանչյուրից, և բոլորը պետք է հասկանան, որ միայն իրենց կենսակերպով կկարողանան փոխել կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքը։
Ազգային ժողովի բարձր ամբիոնից իր ելույթում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու
Մարիամ Գալսանը։
«Մանկուց մեր ընտանիքներում այնպիսի մոտեցում պետք է ցուցաբերենք, որ երեխան հենց սկզբից ժխտողական վերաբերմունք ունենա ցանկացած կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Հակակոռուպցիոն կրթության մասով, կարծում եմ, մենք դեռ շատ անելիքներ ունենք և, ընդհանուր առմամբ, այստեղ մեծ բացթողումներ կան ու կրթական համակարգից սկսած մինչև պաշտոնատար անձանց շրջանում լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման շնորհիվ միայն կկարողանանք հաջողության հասնել»,- ասաց Գալստյանը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն ընդգծեց՝ անկախ խմբակցությունից ու քաղաքական դիրքորոշումներից, պատրաստ է համագործակցել ցանկացած անձի հետ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։
«Կոռուպցիայի դեմ պայքարով մտահոգված ցանկացած անձ ու պատգամավոր թող վստահ լինի՝ ի դեմս ինձ ունի դաշնակից այդ հարցում»,- եզրափակեց Գալստյանը։