Ռոնալդուն «Նյուքասլի» դեմ խաղից առաջ հուզիչ ելույթ է ունեցել
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուզիչ ելույթ է ունեցել Անգլիայի առաջնության «Նյուքասլի» դեմ խաղից առաջ, իսկ պորտուգալացուն դիմավորել են ծափահարություններով, հաղորդում է The Sun-ը:
Օգոստոսին հայտարարվեց, որ Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի համար խաղացել է 2003-2009 թվականներին: Վերադառնալուց հետո առաջին խաղում հարձակվողը դուբլ ձևակերպեց և օգնեց «Յունայթեդին» 4-1 հաշվով ջախջախել «Նյուքասլին»:
Ինչպես հայտնում է Sun-ը՝ հղում անելով աղբյուրին, Ռոնալդուի ելույթը վառ ու ոգեշնչող էր, բոլոր ֆուտբոլիստներն ու մարզիչները լուռ լսում էին պորտուգալացուն:
Նա իր թիմակիցներին ասել է․ «Ես վերադարձա «Մանչեսթեր Յունայթեդ» երկու պատճառով՝ նախ, քանի որ ես սիրում եմ այս ակումբը, երկրորդ, ինձ դուր է գալիս հաղթողի մտածելակերպը, որ այս ակումբն ունի: Եթե դուք ուզում եք հաջողակ լինել, ապա պետք է որ սիրեք այս ակումբը ձեր ամբողջ սրտով: Պետք է ուտել, քնել և պայքարել դրա համար: Կխաղաս, թե չես խաղա, պետք է աջակցես թիմակիցներիդ»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է աղբյուրը:
«Երկրպագուները կաջակցեն ձեզ, եթե ձեր առավելագույն ջանքերը գործադրեք: Ես ուզում եմ հաղթողի մտածելակերպ ստեղծել, այնպես որ, երբ մի օր թոշակի գնամ, այս մտածելակերպը կշարունակվի, և ֆուտբոլիստների այս խումբը կգերիշխի ֆուտբոլում, ինչպես նախկինում»,֊ ավելացրել է Ռոնալդուն։