Վճռաբեկ դատարանի դատավորի 3 թեկնածուներն էլ մրցունակ են․ Վլադիմիր Վարդանյան
Политические«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ պատգամավորները հնարավորություն ունեն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու լավագույն թեկնածուների միջև։ Վարդանյանն ընդգծեց՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներից երեքն էլ մրցունակ են։
Ըստ պատգամավորի՝ դատավորը պետք է քաղաքական զսպվածություն ունենա։
«Դատավորը կոչված է լսելու ու խոսում է միայն իր կողմից կայացված դատական ակտերով, ակտերն են դատավորի ասածը, ու սա է միակ ճիշտ ձևաչափը, որով դատավորը պետք է խոսի հանրության հետ»,-ասաց Վարդանյանը։
Պատգամավորը նշեց, որ դատական իշխանությունը պետք է հարգանք վայելի, բայց պատգամավորներն էլ պետք է հարգեն դատական իշխանությանը։
«Կներեք, բայց ես պետք է արձանագրեմ, որ քննարկման 85 տոկոսը նվիրված է եղել այն հարցերին, որոնք այս դատավորներին չեն առնչվում, այսպե՞ս ենք մենք դրսևորում հարգանքը դատական իշխանության նկատմամբ»,-ասաց պատգամավորը։
Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե այն դատավորը, որն օրենքով ու սեփական համոզմունքով չի առաջնորդվում, նա դատավոր չէ։
«Կներեք՝ պատուհաս է, հանցագործ է»,-ընդգծեց նա։