Գեյթսը կարծում է, որ մարդկությունը դեռեւս պատշաճ պատրաստվածություն չի ցուցաբերում նոր համավարակի համար
Science and cultureMicrosoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը դեռեւս պատշաճ ջանքեր չի գործադրում հնարավոր նոր համավարակին նախապատրաստվելու համար, եւ դա տագնապ է առաջացնում: Այս մասին նա հայտարարել է The Wall Street Journal թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ես մի փոքր մտահոգված եմ, որ [հնարավոր նոր] համավարակին նախապատրաստմանը ավելի պակաս ուշադրություն է դարձվում, քան ակնկալում էի», - ասել է Գեյթսը:
Նրա կարծիքով՝ նման պատրաստվածությունը պետք է ներառի 100 օրվա ընթացքում պատվաստանյութ ստեղծելու ունակությունը եւ արտադրական բազայի առկայությունը, որը հնարավոր կդարձնի առաջիկա 100 օրերի ընթացքում այս պատվաստանյութի արտադրությունը գլոբալ կարիքներին բավարարող ծավալներով: Դրա համար, ինչպես նշել է Գեյթսը, անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ ներդնել ինչպես ազգային առողջապահական համակարգերի զարգացման, այնպես էլ պատվաստանյութերի արտադրության մեջ, փոխանցել է ՏԱՍՍ-ը:
«Այս խնդրի միակ իրական լուծումը 100 օրվա ընթացքում ամբողջ աշխարհի համար պատվաստանյութեր արտադրելու ունակ ձեռնարկությունների առկայությունն է: Եվ դա հնարավոր է», - ասել է նա:
Գեյթսը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից ներկայացված՝ համավարակի պատրաստվածության ապահովման համար 65 միլիարդ դոլարի համալիր միջոցառումների իրականացումը համարել է քայլ ճիշտ ուղղությամբ, սակայն շեշտել իրական ֆինանսավորման անհրաժեշտությունը: «Մենք պետք է ձգտենք [այս միջոցառումների] իրականացմանը», - հայտարարել է նա: