Այդ տարածքը գտնվում է սովետական Ադրբեջանի տարածքում. Փաշինյանը պարզաբանեց
VideoԱյն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր: Շատ կարևոր է, որ մենք այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք և ճիշտ թարգմանենք: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Որոտանում ադրբեջանցիների կողմից անցակետ տեղադրելուն:
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց 2010-ին ԱԺ-ի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը», որտեղ, ըստ նրա, հստակ արձանագրվում է, որ մասնավորապես Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին.
«Տվյալ դեպքում պետք է արձանագրեմ, որ այս իրողությունն է, ինչպես նաև՝ Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի սահմանն է ընդունվել որպես հիմք: Այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում տեղակայվել են ձեզ հայտնի ցուցանակները:
2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց, նաև թե ինչու է իր ելույթներում օգտագործել Էյվազլի և Չայզամի տեղանունները. «Դա արվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս»: