ՀՀ-ն պատրաստ է անել գործուն քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար. Աղաջանյանը` Կլաարին
ForeignԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սեպտեմբերի 14-ին հանդիպեցի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Նշեցի, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը, ինչպես նաև ընդգծեցի պատերազմի ընթացքում և դրանից հետո խաղաղության գործընթացի վերականգնման հարցում ԵՄ-ի ջանքերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանը և այս համատեքստում նշեցի, որ Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը:
Կարեւորեցի եվրոպացի գործընկերների դերակատարությունը, մասնավորապես ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերադառնալու բանակցությունների գործընթացին:
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր»: