Փաստաբան Գոռ Գևորգյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել
BlogosphereՓաստաբան Գոռ Գևորգյանի նկատմամբ հետապնդումներ են սկսվել՝ կապված իր փաստաբանական գործունեության և ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գևորգ Գևորգյանի գործով վերջերս հրավիրված մամուլի ասուլիսի հետ։ Փաստաբան Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է այդ մասին՝ հավելելով, որ բարձրաստիճան պաշտոնյան իր մորաքրոջ տղայի միջոցով ցուցում է տվել տալ հաղորդում և հարուցել քրեական գործ։
«Իմ նկատմամբ, կապված իմ փաստաբանական գործունեության և վերջին մամուլի ասուլիսի բովանդակության հետ, սկսվել են հետապնդումներ, բարձրաստիճան պաշտոնյան իր մորաքրոջ տղայի միջոցով ցուցում է տվել տալ հաղորդում և հարուցել քրեական գործ։
Կարճ ժամանակ անց կմանրամասնեմ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գևորգյանը։
Հիշեցնենք, որ օրերս Գոռ Գևորգյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մարամասներ հայտնելով ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործից, ինչպես նաև ներկայացրել է մի շարք հանգամանքներ՝ պատերազմի օրերին հրամանատարության կողմից հնչեցվող հակասական հրամանների և դրա ողբերգական հետևանքների մասին։ Մասնավորապես, փաստաբանը պատմել էր, թե ինչպես է հրամանատարության հրամանի հետրանքով հրետանային դիվիզիոնը հայտնվել թշնամու թիրախում, ավելին, հայտնել է, որ դիվիզիոնի հրամանատարը նկատել է թշնամու անձնակազմի առաջխաղացումը, անմիջապես տեղեկացրել է հրամանատարությանը, ինչից հետո բանակի հրետանու պետը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին՝ պարզելու, թե ովքեր են առաջանում։
Փաստաբանը պատմել է, որ մարտական գործողությունների ժամանակ Ջալալ Հարությունյանը կապ է հաստատել հրետանու պետի հետ՝ հայտնելով, որ առջևից եկող ջոկատը «մերոնք են, ասա՝ հանկարծ չկրակեն», ինչի հետևանքով զինվորները ետ են քաշվել, քանի որ հրաման է եղել չկրակելու, մինչդեռ պարզվել է, որ 250 հոգանոց թշնամական ջոկատ է եղել, որոնց մի մասը եղել են հայկական համազգեստներով։