Վրաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսել են ԵՄ, ԱՄՆ և Իսրայելի դիվանագետներին. ԶԼՄ-ներ
МирՀաքիմ փաշա անունով անհայտ անձը, որն իբր Վրաստանի հատուկ ծառայության նախկին աշխատակից է, հրապարակել է «Պետական անվտանգության ծառայության կոմպրոմատներն՝ ուղղված հայրապետության դեմ» վերնագրով ֆայլեր: Այս մասին «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հայտնել է ուրբաթ՝ սեպտեմբերի 17-ին:
Մոտ 3 հազար փաստաթուղթ, որոնք իբր բացահայտում են հատուկ ծառայությունների վերահսկողությունը, հանրությանը հասանելի են դարձել սեպտեմբերի 13 -ին: Դրանք հիմնականում վերաբերում են հոգևորականությանը և նրանց դեմ կոմպրոմատներին, բայց կան նաև խոսակցություններ լրագրողների, ընդդիմադիրների, պետական ծառայողների, դիվանագետների միջև: Մասնավորապես, մի քանի լրագրողներ ու քաղաքական գործիչներ արդեն հաստատել են խոսակցությունների իսկությունը:
Ինչպես հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը, որոշ փաստաթղթերի համաձայն՝ խոսքը գնում է ԵՄ դեսպան Կարլ Հարցելի և Իսրայելի դեսպան Ռան Գիդորի, ինչպես նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մասին։
Այդ փաստաթղթերից մեկն ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների խոսակցությունների վերծանումն է պատրիարքարանի ներկայացուցիչների և հոգևորականների հետ, ինչպես նաև նրանց նամակագրությունն էլեկտրոնային փոստով կամ սոցցանցերում։
Ըստ ամենայնի, այդ խոսակցությունները հայտնվել են պետանվտանգության ծառայության այն փաստաթղթերի մեջ, որոնք վերաբերում են եկեղեցուն։
Այդ ֆայլերում հիմնականում ավագերեց Գիորգի Զվիադաձեի հեռախոսազրույցներն են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ։ Նաև արձանագրվել են դեսպանատան ներկայացուցիչների հետ պատրիարքարանի աշխատակիցներից մեկի խոսակցությունները, ինչպես նաև ամերիկյան դեսպանատան աշխատակիցների միջև խոսակցությունների վերծանումը։
Նյութերը պարունակում են նաև դեսպանատան երկու բարձրաստիճան աշխատակիցների խոսակցությունների ձայնագրություններ, որոնք պատրաստվում էին Վրաստանի Անկախության օրվա կապակցությամբ տեսաշնորհավորանք նկարահանել․ նրանք քննարկում են, թե արդյոք կարելի է այդ հոլովակում նկարահանել պատրիարքարանից որևէ մեկին։
Փաստաթղթերում նշվում են նաև ԵՄ դեսպան Կարլ Հարցելի և նրա աշխատակցների զրույցները։ Ըստ նյութերի՝ անցյալ տարվա մարտին Հարցելն ու նրա աշխատակիցները քննարկել են համավարակի շրջանում պատրիարքարանի դիրքորոշումը ծեսերի և արարողությունների նկատմամբ։
ԵՄ դեսպանի օգնականը, որը մասնակցել է այդ խոսակցությանը, «Ֆորմուլա» հեռուստաալիքին ասել է, որ «մտահոգված է» այդ նորությամբ և «դեսպանին կիրազեկի այդ մասին»։
Փաստաթղթերում վերծանված են նաև Իսրայելի դեսպան Ռան Գիդորի խոսակցությունները պատրիարքարանի ներկայացուցիչների, մասնավորապես՝ ավագերեց Գիորգի Զվիադաձեի հետ։ Ձայնագրությունը վերաբերում է միտրոպոլիտ Իոան Գամրեկելիի և մյուս հոգևորականների հակասեմական արտահայտություններին։ Ֆայլերում կան նաև դեսպանատան շարքային աշխատակիցների խոսակցությունների ձայնագրություններ։
Նյութերում առկա է նաև ԱՄՆ դեսպանատան աշխատակցի զրույցն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Խաթիա Դեկանոյիձեի հետ այն մասին, որ դեսպան Քելլի Դեգնանն ուզում է նրա հետ հանդիպել։
Ֆայլերում վերծանված է նաև Գիորգի Զվիադաձեի նամակագրությունն Էստոնիայի դեսպանի օգնականի հետ 2020 թ-ի հոկտմբերին։