Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում
БлогосфераՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով:
Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Մանկապարտեզը ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ:
Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է»։