Հայկոյի վիճակը շարունակում է ծանր մնալ
SocietyԳիտեմ, որ լավ չէ Հայկոյի վիճակը, բայց վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երգիչ Հայկոյի ընկերը՝ Հրաչուհի Ութմազյանը:
«Ինքս էլ անձամբ տեղեկացվածություն չունեմ, ես էլ եմ անհանգիստ, միայն գիտեմ, որ նրա առողջական վիճակը այս պահին լավ չէ»:
Զրուցեցինք նաև Հայկոյի մեկ այլ ընկերոջ՝ Րաֆֆի Ասլանյանի հետ, որն ասաց՝ այս պահին առողջական վիճակը կայուն է:
Նշենք, որ քիչ առաջ Hraparak.am-ը հայտնեց՝ Հայկոյին արհեստական շնչառության համակարգին են միացրել.
«Բժիշկներն ամեն ինչ անում են կյանքը փրկելու համար: Սակայն բանն այն է, որ նա մեծ ուշացումով է հոսպիտալացվել` շուրջ 8 օր տանը բուժվելուց հետո, երբ հարազատները փորձել են թթվածնի սարք բերել տուն, նոր միայն բժիշկներն իմացել են, որ վիճակը վատ է:
Մեծ դժվարությամբ Արմեն Մուրադյանին հաջողվել է համոզել, որ Հայկոյին տանեն հիվանդանոց: Նա Միքայելյան բժշկական կենտրոն է բերվել թոքերի 80 տոկոս ախտահարումով, ինչը խիստ բարդացրել է բժիշկների գործը»,- նշել է կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում երգչի քույրը հավաստիացրեց, որ Հայկոն սովորական բուժում է ստանում և ստաբիլ վիճակում է: