Տարբեր կողմերից Առուշի վրա փորձում են ճնշում գործադրել․ Առուշ Առուշանյանի հայր
SocietyՄամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գորիսում օրեր առաջ Առուշ Առուշանյանի հարազատների և մի խումբ երիտասարդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ քաղաքական տարբեր հայացքների պատճառով։ Տարածված տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հոր՝ Գագա Առուշանյանի հետ, որը հերքեց այդ լուրը։
«Եթե նման բան լիներ, ապա ես տեղյակ կլինեի, դրանք, պարզապես, բամբասանքներ են: Տարբեր կողմերից Առուշի վրա ճնշում են փորձում գործադրել, որ ոչ մի հարցում նա չհաջողի, բայց դա իշխանությանը չի հաջողվի, ամեն ինչ կլինի ժողովրդի կամոք»,- ընդգծեց Գագա Առուշանյանը:
Առուշ Առուշանյանի հայրը վստահ է՝ տղայի քարոզարշավին չմասնակցելը չի կարող բացասական ազդեցություն ունենալ ՏԻՄ ընտրությունների արդյունքներում. «Ժողովուրդը իմաստուն է, շատ լավ ճանաչում է և՛ Առուշին, և՛ իշխանությանը: Իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմինն էլ է ուզում վերցնել իր ձեռքը, բայց դա չի լինի: Եթե ժողովուրդը տղայիս չճանաչելով է նախկինում այդքան ձայն տվել, ապա հիմա, տեսնելով Առուշի գործերը, կարծում եմ՝ ժողովուրդը իր խոսքը կասի: Իշխանությունը ուզում է գցել Առուշի բարի համբավը, բայց ժողովրդինն է վերջին խոսքը լինելու»,- ասաց Գագա Առուշանյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Գորիսի քաղաքապետը կալանավորված է: Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։
Երեկ էլ նա հայտնեց, որ ՏԻՄ ընտրություններին առաջադրում է իր թեկնածությունը՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։