Ինչու է ակտիվացել Կոմունիստական կուսակցությունը
ОбществоՀայաստանի տարբեր մարզային հատվածներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ միասին» գրությամբ պաստառները, որոնք փակցված են վահանակների վրա՝ ավելանում են։ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը և ո՞ր կառույցն տվել թույլտվությունը։
Պուտինի լուսանկարով պաստառներ կարելի է հանդիպել Կոտայքի, Սյունիքի մարզերում, Գյումրիում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՌԴ նախագահի նկարով պաստառները պատվիրած Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշեց, որ դրանց տարածումը իր քաղաքացիական և անհատական նախաձեռնությունն է, որը կրելու է շարունակական բնույթ․ «Հանդիպել եք և դեռ շատ տեղերում էլ կհանդիպեք։ Առանձնակի ինչ-որ բանով պայմանավորված չէ, դա իմ որոշումն է ի պատասխան Բայդենի և մյուսների պաստառների, որոնք գոյություն ունեն Հայաստանում, որ ոչինչ չեն արել մեր երկրի համար։ Իսկ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ավելի քան 300 տարի է գոյություն ունի։ ՌԴ նախագահն այն անձնավորությունն է, որը նաև կանգնեցրել է 44-օրյա պատերազմը և Արցախի մի մասը, որը մնացել է հայկական հենց Պուտինի ջանքերով է»,- նշեց նա։
Մեզ հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ փոխանցեց, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին գովազդային վահանակների թույլտվության իրավասություն մարզպետարանը չունի․ «Եթե մարզային կամ համայնքային նշանակության ճանապարհներին լինեն, մենք կզբաղվենք»։
Ավելի վաղ, ԼՈՒՐԵՐ․com-ը գրել էր, որ պաստառներով զբաղվում է 2 ընկերություն․ «ԶԵԲՐԱ» գովազդային գործակալությունն («ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) ու «Բիթիէլ» ծառայությունը:
Սոնա Հարությունյան