Մարզպետարանները չեն փակվի, համայնքներում 2-ից ավելի աշխատողներ կլինեն. Գնել Սանոսյան
Видео«Ակնհայտ է, որ գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար: Այդ խոչընդոտները առավել ակնառու են 3000-ից քիչ բնակչություն ունեցող համայնքների պարագայում. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, երբ համայնքի բնակչությունը 3000-ից քիչ է, մի շարք ծառայություններ համայնքապետարանն ի զորու չի լինում իրականացնել». ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ քննարկումները հանգեցրել են նրան, որ ցանկալի է համայնքները միավորել: Այդ բուն պրոցեսը տեղի է ունեցել 2016-2017թթ, երբ Հայաստանի 486 համայնք միավորվել է 54 համայնքային փնջերի մեջ:
«Մենք հիմա, հաշվի առնելով եղած փորձը, դրական և բացասական կողմերը, փորձել ենք շարունակել համայնքների միավորման, խոշորացման գործընթացը՝ որոշակի փոփոխություններ առաջ բերելով: Նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնք միավորել 37 համայնքային փնջերի կամ միավորումների մեջ»,-ասաց Սանոսյանը:
«Կստեղծվեն համայնքային փնջեր: Օրինակ, Արագածոտնի մարզում Աշտարակի մեջ կընդգրկվի 30 համայնք, Ապարանում՝ 2, Թալինում՝ 29, Մեծաձորում՝ 2, Արևուտում՝ 6:
Արարատի մարզում Արտաշատի մեջ կընդգրկվի 38 համայնք, Արարատում՝ 12, Մասիսում՝ 27, Վեդիում՝ 17:
Արմավիրի մարզում Արմավիրի մեջ կընդգրկվի՝ 11, Վաղարշապատում՝ 2, Մեծամորում՝ 31, Բաղրամյանում՝ 14, Արաքսի մեջ՝ 13, Խոյի մեջ՝ 17, Փարաքար՝ 8….
Խոշորացման նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Խոշորացումով մենք ոչինչ չենք փակում, կառավարման մոդելն ենք փոխում՝ նպատակ ունենալով բարձրացնել արդյունավետությունը»,- նշեց նախարարը:
«Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից, որոնցից մեկը կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա:
Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում: