Մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի, այլ ոչ թե Ադրբեջանի հետ. Արմեն Գրիգորյան
ПолитическиеՇատ կարևոր է հաշվի առնել, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք Թուրքիայի հետ, և պետք է տարանջատում մտցնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններից, եթե այդպիսիք կան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ բազմիցս հայտարարվել է՝ Թուրքիայի հետ կարգավորումները պետք է սկսել առանց նախապայմանների. «Շատ է ասվել, նույնիսկ մեզ նախորդող իշխանությունների ժամանակ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների, որովհետև երբ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ: Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Ճեպազրույցի ժամանակ նա նաև անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցին՝ ընդգծելով, որ խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ՄԻՆՍԿ-ի խումբն է: