Փաշինյանը նշել է, թե ինչպես է պատրաստվում իրականացնել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակը
ИностранныйԿարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը: Այս մասին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկխոսության, մեր տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամության մթնոլորտը քայլ առ քայլ հաղթահարելու միջոցով: Մենք գիտակցում ենք, որ ճանապարհը դժվարին և երկարատև է լինելու: Այսօր էլ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Հրադադարի խախտումները, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ արվող ագրեսիվ եւ վիրավորական հայտարարությունները շարունակաբար լարում են մթնոլորտը»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանում մինչ օրս պահվող հա ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին:
«Խաղաղության օրակարգի դեմ ուղղված գործելակերպ է այն, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի` Ադրբեջանը ոչ միայն մինչեւ օրս գերության մեջ է պահում Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների, այլեւ նրանցից շատերին շինծու մեղադրանքներով դատապարտել է 6-ից մինչեւ 20 տարի ազատազրկման: Բացի սա՝ կան քաղաքացիներ, որոնց գերեվարված լինելու փաստը Ադրբեջանը մինչեւ օրս չի հաստատում, չնայած՝ նրանց գերության մեջ լինելու մասին կան հստակ ապացույցներ: Սա առավել անընդունելի է դառնում այն ֆոնին, որ 2020 թվականին աշնանը ադրբեջանցի օգտատերերը հրապարակել են կոնկրետ հայ զինվորների գերեվարվելու տեսանյութեր, իսկ ավելի ուշ՝ հայտնաբերվել են այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները: Մեր գերիների խոշտանգումների ենթարկելու մասին անհերքելի ապացույցներ ունենք»,- ասել է նա:
Անդրադառնալով Բաքվում բացված՝ այսպես կոչված ավարների պուրակին` Փաշինյանը այն անվանել է «թշնամության մթնոլորտի խորացման աղաղակող օրինակ» և նշել , որ այնտեղ ադրբեջանցի դպրոցականներին էքսկուրսիաների են տանում դիտելու գերեվարված, սպանված կամ արնաքամ լինող հայ զինվորների մանեկենները:
Նրա համոզմամբ` այս եւ մյուս քայլերն Ադրբեջանի կողմից արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, սակայն ՀՀ իշխանությունները հետեւողականորեն առաջ են տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով:
«Այս իմաստով չափազանց կարեւոր եմ համարում Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ինչի մասին ասված է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում:
Այս կարևորագույն խնդրի լուծման արդյունքում տարածաշրջանի երկրները փոխկապակցված կլինեն տրանսպորտային զարկերակներով: Հնարավորություն կստեղծվի տնտեսական կապերի ձևավորման համար, ինչը խաղաղ զարգացման կարեւոր նախապայմաններից է:
Ճանապարհների վերաբացման թեման ուսումնասիրելիս, մենք պարզեցինք, որ տարբերակներ կան, որոնք տարածաշրջանային մեկուսացման եւ թշնամության մթնոլորտի արձանագրման նպատակ ունեն, բայց կան նաեւ այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման միջոց կարող են դառնալ: Մենք հենց այս վերջին տարբերակի կողմնակից ենք:
Եթե բացվի նաեւ Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա»,- ասել է Փաշինյանը: