«Ես խնդրում եմ՝ թույլ չտալ ուշացած արդարադատություն». Արմեն Չարչյանի փաստաբանը՝ դատարանին
SocietyԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավարո Վահե Միսակյանի, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը ներկայացնելիս նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց շրջանակներում առկա են բոլոր նախադրյալները Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ավելի մեղմ տեսակի խափանման միջոց՝ գրավով փոխարինելու համար։
Ալեքսանյանը հղում արեց Քրեական դատավարության 135-րդ հոդվածի 4-րդ մասին, որը սահմանում է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումից հետո պաշտպանության կողմը նոր ի հայտ եկած հանգամանքի շրջանակում կարող է նոր միջնորդություն ներկայացնել՝ մեղմ խափանման միջոցով փոխարինելու համար։
Էրիկ Ալեքսանյանը դատարանին ներկայացրեց այն առողջական խնդիրները, որոնց ի հայտ են եկել այս ընթացքում։ Նա նշեց, որ Չարչյանն ունեցել է սրտի անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ։
«Արմեն Չարչյանի ինսուլինի օրվա դոզան կազմում է 106 միավոր։ Չարչյանի նկատմամբ պատշաճ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը կալանավորման պայմաններում հնարավոր չէ»,- նշեց փաստաբանը եւ հավելեց, որ դա պայմանավորված է նաեւ Չարչյանի առողջական խնդիրների բարդության աստիճանով։
Ալեքսանյանը չբացառեց Չարչյանի մոտ սրտամկանի սուր ինֆարկտի կրկնվելու հավանականությունը։
«Խնդրում ենք, որ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվի գրավով հենց ստեղծված իրավիճակի պայմաններում։ Արմեն Չարչյանն ունի պատգամավորի կարգավիճակ, նա անձեռնմխելի է, որի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, սակայն նա շարունակում է գտնվել անազատության մեջ։ Նման պայմաններում Չարչանը չի կարող գտնվել անազատության մեջ»,- նշեց նա։