Կանցնի որոշ ժամանակ և ավելի ուժեղ կսկսենք գիտակցել, թե Հայկոն ինչ երաժշտություն է թողել. Արամե
Այս պահին Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կոնդի) բակում տեղի է ունենում սիրված երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի հոգեհանգստի արարողությունը: Լրագրողների հետ զրույցում երգիչ Արամեն կիսվեց Հայկոյի մասին իր հիշողություններով:
«Հիշում եմ, որ միասին մեկնում էինք Պարսկաստան համերգի, և ես ինքնաթիռներից շատ եմ վախենում։ Նա իմ կողքը նստեց ու խաղ էր խաղում։ Նա ինձ ասաց, որ չվախենամ, ամեն ինչ նորմալ է։ Երբ ինքնաթիռը թռավ ու տարօրինակ ձայն եկավ, պտտվեց դեպի ինձ ու ասաց՝ հորս արև հանգավ։ Այդ ժամանակ իմ վախն աննկարագրելի էր։ Երնեկ նման օրեր շատ լինեին»,-ասաց երգիչը։
Արամեի խոսքով` Հայկոն ամեն ինչին հումորով էր նայում ու ցույց էր տալիս, որ ինքն աշխարհի ամենադրական մարդն էր։
«Երբ այսօր մետրոպոլիտենում և հրապարակում հնչում են Հայկոյի երգերը, պատկերացրեք՝ ինքն ինչ արժեք ունի ժողովրդի համար, ինչ տեղ ունի մեր սրտերում և ինչ ժառանգություն է թողել։ Կանցնի որոշ ժամանակ և ավելի ուժեղ կսկսենք գիտակցել, թե Հայկոն ինչ երաժշտություն է թողել իրենից հետո»,-ասաց Արամեն։