ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է, թե ինչու է Իրանը զորավարժանքներ իրականացնում սահմանային շրջաններում
IranԻրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը զգուշացրել է հարևան երկրներին՝ թույլ չտալ Իսրայելին իրենց տարածքն օգտագործել որպես անվտանգ ապաստան:
«Հարևան երկրների կառավարությունները բոլորից լավ գիտեն, թե ինչու է Իրանը զորավարժանքներ իրականացնում սահմանային շրջաններում»,- Սանանդաջ արևմտյան քաղաքում ասել է գեներալը լրագրողներին:
Նա նշել է, որ Իրանը ոչ մի դեպքում «չի հանդուրժի, որ հարևան տարածքները վերածվեն անվտանգ ապաստանի սիոնիստական ռեժիմի գործողությունների և ներկայության համար»:
Tasnimnews-ի փոխանցմամբ՝ առանց մատնանշելու Ադրբեջանի անունը, որի նախագահը օրերս հանդիմանական հայտարարությամբ էր հանդես եկել իրենց հետ սահմանային շրջանում անցկացվող իրանական զորավարժությունների վերաբերյալ, գեներալը նշել է. «Չենք կարող ընդունել, որ որևէ երկիր՝ երրորդ երկրի ազդեցության ներքո սադրիչ մեկնաբանություններ անի Իրանի մարտական ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված գործողությունների մասին»: