Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն. Քոչարյանը՝ Շուշիի հանձման մասին
ՀասարակությունՀամադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ, կարող եմ եզրակացություններ անել. փաստերը հետևյալն են, որ Ջեբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջեբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես բացատրությունը չունեմ, թե ինչու: Հարցրել եմ տարբեր զինվորականներից: Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ Վիտալի Բալասնայանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղությամբ պատասխանատու: Երբ այս ամենը համադրում ես, դու տեսնում ես, որ կամ եղել է ուղղակի ապուշության գագաթնակետը, կամ եղել է, այո՛, դավաճանություն: Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այս պարագայում եղել է մի թեզ, որը տարածված էր այն ժամանակ, թե Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու: Տպավորությունն այնպիսին էր, որ Շուշին վերցնելու ողջ մարշրուտը կամ բացում էին, կամ առնվազն չէին փակում: Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորություն»,-հայտարարեց նա: