Հիմա նայեք՝ Զանգեզուրի կոմբինատում ով փայ մտավ և ում հետ փայ մտավ․ Քոչարյան
Քաղաքական«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» անընդհատ ինձ հետ էր կապվում, որի հետ երբևիցե կապ չեմ ունեցել։ Դա արվում էր Հայկական ժամանակ թերթի կողմից, հետևողականորեն 10-ից ավելի տարի, հիմա ո՞վ փայ մտավ։ Հիմա նայեք՝ ով փայ մտավ և ում հետ փայ մտավ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ կոմբինատի բաժնետոմսերի մի մասը կկառավարվի վարչապետի աշխատակազմի կողմից։
«Երևի Հայաստանի պատմության մեջ ամենից մութ գործարքն է, անհասկանալի տրամաբանությամբ, չես հասկանում, թե ինչու, ինչ-որ նվիրատվություն է արվում և այդ փայի կառավարումը փոխանցվում է վարչապետի աշխատակազմին։ Աբսուրդ է։ Պետական բաժնեմասերը պետք է կառավարվեն ֆինանսեների նախարարության կողմից, Էկոնոմիկայի նախարարության կողմից։ Ի՞նչ մասնագիտական հմտություն ունի վարչապետի աշխատակազմը նման գործառույթ ունենալու համար։ Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենից խոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար, այլ բացատրություն չկա։ Սա կոռուպցիայի դրսևորումների առումով բարձրագույն երևույթ է՝ լկտիության հասնող»,- նշեց Քոչարյանը։