Հայաստանում ևս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը բավականին բարձր է. Զառա Հովհաննիսյան
ԲլոգոսֆերաԻրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի գրառումը. «Երեխաների նկատմամբ բռնության, հատկապես սեռական բռնության դեպքերը, ցավոք, ավելանալու միտում ունեն ամբողջ աշխարհում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, աշխարհում ամեն տարի միլիոնավոր աղջիկներ և տղաներ բախվում են սեռական բռնության և շահագործման հետ, սակայն նրանցից շատերը դրա մասին հայտնում են հասուն տարիքում:
Ըստ ՌԴ պետական կառույցի ներկայացրած վիճակագրության, վերջին հինգ տարվա ընթացքում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերն աճել են 42%-ով։
Հայաստանում ևս երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների թիվը բավականին բարձր է։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների՝ կոմիտեում 2016թ․ քննվել է երեխաների նկատմամբ բռնության 200 քրեական գործ, որից 88-ը սեքսուալ բնույթ է ունեցել, 2017թ․ քննված երեխաների նկատմամբ բռնության 265 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 99-ը, 2018թ․ 317 քրեական գործից՝ 76-ը , 2019թ․ 360 քրեական գործից՝ 91-ը, 2020թ․-ի 328 քրեական գործից սեքսուալ բնույթի է եղել 77-ը, Իսկ 2021 թվականի միայն առաջին կիսամյակում երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններ վերաբերյալ 229 քրեական գործից 57-ը եղել է սեքսուալ բնույթի։ Եվ եթե 2020թ․ ամբողջ տարվա ընթացքոքւմ եղել է սեքսուալ բնույթի 77 դեպք, ապա 2021թ․ առաջին կիսամյակում արդեն իսկ 57-ն են, ինչն ապացուցում է, որ սեքսուալ բնույթի հանցագործությունները երեխաների նկատմամբ աճում են»։