Եթե ԶՊՄԿ-ից կառավարությանն անցած բաժնետոմսերը վարչապետի աշխատակազմն է տնօրինում, ինչո՞վ է դա ժողովրդինը․ Վահե Հակոբյան
ՔաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը Կառավարության անձնակազմի տնօրինության տակ անցնելն անհասկանալի գործարք էր․ «Իշխանության պոպուլիստական հերթական դրսևորումը․ այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը դա տնօրինում, ինչո՞վ է դա ժողովրդինը»,- ասաց նա։
Նա նշեց՝ այդ գործարքի շատ մանրամասներ դեռ պետք է պարզվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ նպատակ էր հետապնդում գործարքը։ Նա բացատրեց, թե Փակ բաժնետիրական ընկերության արժետոմսերն ինչպես են փոխանցվում․ «Օրինակ՝ X ՓԲԸ-ն ունի բաժնետոմսեր՝ տարածված հազարավոր մարդկանց կամ ընկերությունների մեջ։ Եթե մի ընկերությունը որոշում է վաճառել մեկ ուրիշին, մյուսներն այդ մասին իմանում են, երբ գործարքն արդեն ֆիքսվում է։ Դրա մասին է խոսքը։ Հիմա X-ը վաճառել է Y-ին, Y-ն էլ իր Y-ից տոկոս է նվիրել կառավարությանը։ Թե ի՞նչ նպատակ հետապնդելով՝ շատ շուտով կպարզենք, թե ով ում հետ է կապված, ինչ հետևանքներից ելնելով գնացին գործարքին»,- ասաց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ շատերի համար անհասկանալի է, թե ինչու կատարվեց այս գործարքը․ «Դեռ շատ բաներ կան պարզելու հարցի հետ կապված, դրա համար հարցի շուրջ այդքան չեմ կարող տարածվել: Երբ ամեն ինչ պարզվի ու հասկանանք, թե ինչ նպատակ էր այս ամենը հետապնդում, այդ ժամանակ կխոսեմ, այժմ չեմ կարող փակագծեր բացել, բայց խոստանում եմ, մոտ ապագայում այդ մասին կխոսենք: Ինձ մոտ կա հստակ տպավորություն, որ նույն այս կառավարությունը, մեղմ ասած, բոլորին գցել է թյուրիմացության մեջ»,- նշեց նա: