ՌԴ և Իրանի նախագահները հանդիպում կունենան
WorldՄոսկվան և Թեհրանը պայմանավորվել են հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռաիսիի միջև, լրագրողներին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
«Ոչ հեռավոր ապագայում մենք հույս ունենք, որ մեր երկրների նախագահները մայրաքաղաքներից մեկում կարող են հանդիպում անցկացնել: Այս թեմայի շուրջ մեր համաձայնությունը վկայում է այն մասին, որ մեր հարաբերությունները ռազմավարական և արտոնյալ են մեր երկրների միջև: Մենք Ռուսաստանին ընկալում ենք՝ որպես ռազմավարական գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներից հետո:
Նա հավելել է, որ Ռուսաստանը գերակա տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ և հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի տեսնել երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով: