Չպատվաստված քաղաքացիների դեպքում քովիդի բուժումը կդառնա վճարովի
ՀասարակությունՉպատվաստված քաղաքացիների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում առաջիկայում կլինի վճարովի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ, սակայն, դժվարացավ ասել, թե փոփոխությունը կոնկրետ երբ տեղի կունենա. «Այդ հարցը ինչպես նախկինում, այժմ էլ քննարկվում է նախարարությունում, բայց պետությունը քաղաքացիների բուժման ծախսերը վերցրել է իր վրա՝ հաշվի առնելով համավարակը: Սակայն, հիմա արդեն քննարկվում է դեկտեմբերից չպատվաստված և վարակված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու հարցը»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ հարցը դեռևս քննարկման փուլում է:
Ճշտող հարցին՝ եթե պատվաստված քաղաքացին վարակվի կորոնավիրուսով և հիվանդության բարդացման դեպքում հոսպիտալացման կարիք առաջանա, ապա այդ պարագայում ո՞վ է հոգալու պացիենտի բուժման ծախսերը՝ քաղաքացի՞ն, թե՞ պետությունը, ապա նախարարի խոսնակը նշեց, որ այն ևս քննարկման փուլում է, և տարբերակներից մեկի համաձայն՝ պատվաստված քաղաքացու բուժումը կլինի անվճար:
Սոնա Հարությունյան