Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 52-ի (լուսանկարներ)
PhotosՃապոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 52-ի:
Նրանց մեծ մասը ստացել է կապտուկներ և քերծվածքներ՝ ցնցումների ժամանակ ընկնելու հետևանքով, բայց կան մի քանի հոգի՝ լուրջ վնասվածքներով, որոնք կոտրվածքներ կամ ծանր վնասվածքներ են ստացել կահույքի ընկնելուց, գրում է ՏԱՍՍ֊ը։
Մինչ այժմ երկաթուղային գծերի և մետրոյի մեծ մասի երթևեկությունը վերականգնվել է: Այնուամենայնիվ, խափանումներ և երթևեկի ձգձգումներ են նկատվում գրեթե ամենուր, կայարաններում հարյուրավոր մետր երկարությամբ հերթեր են գոյացել:
Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ առավոտյան։ Նախ հայտարարվել էր 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին, սակայն ավելի ուշ Ազգային օդերևութաբանական գրասենյակը ճշգրտեց տվյալները: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի և Չիբա պրեֆեկտուրաների սահմանին: Հիպոկենտրոնը գտնվել է 75 կմ խորության վրա: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։ Տեղի սեյսմոլոգները նախազգուշացնում են կրկնվող ուժեղ երկրաշարժերի հավանականության մասին: