Եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, կշարունակեի մնալ խմբակցությունում. Թովմասյան
PoliticalԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին հարց ուղղեց, թե ինչու որոշեց Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ Մոսկվա մեկնել:
Պատգամավորը նշեց, որ այդ հարցը նա քննարկել է խմբակցության ղեկավարի հետ, և իր քայլերի մասով ինքն է պատասխանատու:
Դիտարկմանը, թե լուրեր են պտտվում՝ ինքը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունեն, Թագուհի Թովմասյանն ասաց.
«Ես եղել եմ «Իմ քայլը» խմբակցության անդամ և դուրս եմ եկել այնտեղից, և եթե ցանկություն ունենայի այս իշխանությունների հետ որևէ ընդհանուր բան ունենալ, կշարունակեի մնալ խմբակցությունում: Դուրս եմ եկել համոզմունքով և շարունակում եմ այդ համոզմունքին մնալ, ոչինչ չի փոխվել: Մարդկային հարաբերությունները միշտ բարձր եմ գնահատում: Ինչ վերաբերում է Իշխան Զաքարյանին, ճիշտ կլինի՝ նա պատասխանի»,-ասաց պատգամավորը: