Վրաստանում այսօր սգո օր է (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, Վրաստանում սգո օր է հայտարարված՝ Բաթումիում բնակելի շենքի փլուզման ժամանակ զոհերի հիշատակին:
Բաթումիի Մայիսի 26 փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվեց հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում: Ինը մարդ մահացավ, այդ թվում՝ երեք երեխա, մեկ փրկվածի վիճակը շարունակում է մնալ ծանր:
Այսօր սգո օր հայտարարելու որոշումը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կայացրել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 9 -ին:
Նրա խոսքով՝ պետությունը ամեն տեսակի օգնություն կտրամադրի տուժածներին: Միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը փլուզման հետ կապված ձերբակալել է երեք մարդու`առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը և երկու վարձու աշխատողների, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում:
Գերատեսչության տվյալներով, նրանք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը: Նրանց սպառնում է 2-10 տարի ազատազրկում: