Տիգրան Ավինյանը, ինչքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի կոմբինատը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու մասին հարցին:
Ըստ Հակոբյանի՝ քանի որ բաժնեմասերի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, այդ պատճառով էլ տնօրենը պետք է նշանակվի հենց այդ ընկերության կողմից. «Տրամաբանությունը եւ օրենքը ասում է, որ եթե պետությունն ունի 15 տոկոս մասնաբաժին, ինքը կարող է ներկայացված լինի խորհրդում եւ 1-2 ոլորտներում որպես դիտորդ հետեւի»:
Հարցին, թե վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, Հակոբյանը պատասխանեց. «Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»,-ասաց նա։