Մենք երբեք չենք բացառել, որ Ադրբեջանը կարող է փորձել «միջանցքի» խնդիրը լուծել ռազմական ճանապարհով. Արմեն Գրիգորյան
PoliticalՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Rusarminfo-ի եթերում ասել է, որ Իրանը կարևորագույն դերակատար է Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Գրիգորյանի խոսքով` Իրանը Հնդկաստանի հետ միասին շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։
Գրիգորյանը շեշտեց, որ Իրանը նույնպես դեր ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, որն արտահայտվում է Հայաստանի և Իրանի փոխշահավետ համագործակցությամբ:
Մեկնաբանելով Իրանի հայտարարությունները, թե Թուրքիան և Ադրբեջանը ռազմական գործողություններ են ծրագրում Հայաստանի հարավի դեմ, Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր է նման սցենար։
«Մենք երբեք չենք բացառել, որ Ադրբեջանը կարող է փորձել «միջանցքի» խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Սև լճի շուրջ Ադրբեջանի գործողությունները, ի թիվս այլ հարցերի, կապված էին նաև սրա հետ։ Կարծում եմ՝ այս օրակարգը եղել է Ադրբեջանի պլանների մեջ»,- ասել է նա։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելեց, որ միջանցքի տրամադրման թեման բացառում է ոչ միայն Իրանը, այլ նաև Ռուսաստանը, ինչպես հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: