Տարածվել է տեսանյութ նկարահանման հրապարակից, որտեղ Ալեք Բոլդուինը պատահաբար սպանել էր օպերատորին (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում նկարահանման հրապարակից տեսագրություն է հրապարակվել, որտեղ Բոլդուինը պատահաբար մահացու հրազենային վիրավորում էր հասցրել օպերատոր Գալինա Հաթչինսին։ Այս մասին հայտնում է ABC7 Eyewitness News-ը։
Ներկայացված կադրերը բարձրությունից ցույց են տալիս նկարահանման հրապարակը։ Դեպքի վայրը շրջափակված է, այնտեղ աշխատում են շտապօգնության ծառայությունները։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել հրազենի գործադրմամբ տեսարանը նկարահանելիս։ Միջադեպը դեռ հետաքննության փուլում է և մեղադրանք չի առաջադրվել: Արտակարգ դեպքի վայրը շրջափակված է դեղին ժապավենով։
Ֆիլմի նկարահանումները ընթանում էին Bonanza Creek ռանչոյում։ Միջադեպի հետ կապված՝ ֆիլմի նկարահանումները անորոշ ժամանակով դադարեցվել են։
Ինչպես հայտնել էինք, դերասան, պրոդյուսեր Ալեք Բոլդուինը նկարահանման ժամանակ ատրճանակի անզգույշ կրակոցով սպանել էր օպերատորին և ծանր վնասվածք հասցրել ռեժիսորին։