Ադրբեջանը և մեր իշխանությունները վարում են մեզ համար շատ վնասակար քաղաքականություն. Անժելա Էլիբեգովա
Տեսանյութեր«Մենք ունենք համաքաղաքացիների որոշ զանգված, որը համակերպվել է եղած իրականության հետ և պատրաստ է շարունակել ապրել այս զիջողական ու վախեցած կեցվածքով»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Հուսով եմ՝ մեր հասարակության մեծամասնության համար հասկանալի է, որ հայատյացությունն Ադրբեջանում ոչ միայն չի կորել, այլ մեծ մասշտաբների է հասել պատերազմից հետո, որովհետև ազատվեցին պարտվողի բարդույթներից, և իրենց վարքագիծը շատ ավելի ագրեսիվ դարձավ։ Այստեղ մեր և ադրբեջանցիների միջև համատեղ բնակության և կոմունիկացման խնդիր է առաջանում: Տարիներ շարունակ միջազգային հանրությանը փորձում էինք բացատրել, թե ինչու է դա բարդ ու անհնարին, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ դա ավարտվում է հայերի ջարդերով։»,-նշեց Անժելա Էլիբեգովան։
Փորձագետի խոսքով այսօր ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և մեր պետությունը միջազգային մակարդակով ներկայացնող անձանց հռետորաբանությունը իրար շատ նման են։
«Ե՛վ մեր հասարակությանը, և՛ միջազգային հանրությանը նրանք նույն մեսիջներն են փոխանցում, որոնք չեն բխում հայ ազգի և մեր պետության շահերից։ Ադրբեջանը և մեր իշխանությունները վարում են զուգահեռաբար մեզ համար շատ վնասակար քաղաքականություն՝ մեր հասարակության ուղեղում նստացնելով այն միտքը, որ հետևանքներն անխուսափելի են և այն ամենը, ինչ կատարվեց անվերադարձ է ու ռևանշի, դեօկուպացիայի մասին բոլոր մտքերը պետք է արմատախիլ արվեն»,-ասաց փորձագետը։