Չեռնոգորիան քաղաքական ապաստան է տվել ադրբեջանցի գործարար Իսմայիլովին
МирՉեռնոգորիան քաղաքական ապաստան է տրամադրել ադրբեջանցի գործարար, Չերկիզովսկու շուկայի («Չերկիզոն») նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովին։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը, փոխանցում է РИА Новости-ն։
Իսմայիլովն արդեն ազատ է արձակվել տեղի բանտից։ Նա կալանավորվել էր Ռուսաստանին արտահանձնելու նպատակով:
Հոկտեմբերի 15-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ «Չերկիզոնի» տիրոջը արտահանձնելու հարցում է ուղարկվել Չեռնոգորիա։ Նա 2017 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ՝ պատվիրված սպանություններ կազմակերպելու համար։ Հետաքննության տվյալներով՝ Իսմաիլովը իր եղբայրների` Ռաֆիկի և Վագիֆի հետ միասին մշակել է գործարար Վլադիմիր Սավկինի և «Люблино-Моторс»-ի հիմնադիր Յուրի Բրիլևի սպանության ծրագիր, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 15-ին։ Նրանց վրա կրակել է մարդասպան Մեհման Քերիմովը։
Պոդգորիցայում Իսմայիլովի կալանավորման մասին հաղորդվել է հոկտեմբերի 1-ին։ Այնտեղ նա ապրում էր Չեռնոգորիայի մայրաքաղաքում գտնվող մասնավոր առանձնատանը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իսմայիլովը երկրի նախագահ Միլո Ջուկանովիչի ընկերն է։ Այդ մասին է վկայում այն, որ Չեռնոգորիայի ղեկավարը հանգստանում էր Իսմայիլովին պատկանող Թուրքիայի Mardan Palace հյուրանոցում։