Տաջիկստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունները
WorldԿենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը հայտարարել է Տաջիկստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Մարտական եղբայրություն-2021» զորավարժությունների ավարտի մասին, հաղորդում է RT-ն։
Նրա խոսքով՝ այս զորավարժությունները պատասխան են Աֆղանստանում իրավիճակի սրմանը։
«Տաջիկստանում ավարտված լայնածավալ զորավարժությունները ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ դարձել են Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրման ամենակարևոր պատասխաններից մեկը»,-ասել է Լապինը զորավարժությունների փակման արարողության ժամանակ:
Նա նշել է, որ ռազմական զորավարժությունները նախատեսված են ՀԱՊԿ անդամ երկրներին ցանկացած ահաբեկչական սպառնալիքից պաշտպանելու համար։
Նրա խոսքով` «Հարբմայդոն» զորավարժարանում անցկացվող զորավարժությունների առանձնահատկությունը եղել է նորագույն հետախուզության, էլեկտրոնային պատերազմի, կապի, նյութատեխնիկական և բժշկական աջակցության օգտագործումը: Օրինակ՝ «Որոնում-2021» զորավարժությունների ընթացքում գործարկվել է հետախուզության կառավարման արդյունավետ համակարգ, որը հնարավորություն է տվել «նախապես բացահայտել աճող սպառնալիքները և խափանել ավազակային կազմավորումների գործողությունների ծրագիրը»։
«Զորավարժությունների ընթացքում ձեռք բերված փորձը կծառայի որպես իրական մարտական իրավիճակում առաջադրանքների կատարման հուսալի երաշխավոր»,- եզրափակել է Լապինը։