Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին
PoliticalՔիչ առաջ անվտանգության աշխատակիցներն ԱԺ ամբիոնից հեռացրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նշենք, որ խորհրդարանում իրավիճակը կրկին լարվեց Գեղամ Մանուկյանի ելույթի ժամանակ, երբ վերջին ասաց, որ Արցախն ուրացողը դավաճան է։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց պատգամավորին և հիշեցրեց, որ կան էթիկայի կանոններ և չպետք է դրանք խախտել։
«Նոր ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախն ուրանալու մեջ։ Անուն տվեք։ Հիմա դուք Վիգեն Խաչատրյանին ե՞ք դավաճան անվանում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը և պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը։
ԱԺ փոխնախագահի այս քայլից ընդդիմադիր պատգամավորները վրդովվեցին, իսկ Ռուբեն Ռուբինայնը Գեղամ Մանուկյանին հորդորեց զբաղեցնել իր տեղը։ Քանի որ ընդդիմադիր պատգամավորն ընդդիմացավ և չլքեց ամբիոնը, ԱԺ փոխնախագահն անվտանգության աշխատակիցներին խնդրեց Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից։ ԱԺ-ում իրավիճակը թեժացավ, ինչի պատճառով նիստն ընդմիջվեց։