Ո՞վ է իշխանության սրտի թեկնածուն
ПолитическиеՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022-ի փետրվարի 23-ին։ Դատելով իշխանության ներակայացուցիչների հայտարարություններից՝ նրանք մտադիր չեն Թաթոյանին վերընտրել այդ պաշտոնում: Ավելին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներին հայտնել է՝ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին: Մի քանի օր է ինչ մամուլը գրում է այն մասին, թե ում են իշխանությունները տեսնում ՄԻՊ-ի պաշտոնին, անգամ անուններ են շրջանառվում, ըստ որոնց իշխանությունների թեկնածուները «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն են, վերջինս հատկապես Նիկոլ Փաշինյանի ամենացանկալի թեկնածուն է։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Դանիել Իոաննիսյանն ասաց՝ նման քննարկումներից տեղյակ չէ, միայն մամուլից է լսել այդ մասին։ Առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞՝ հարցին ի պատասխան Իոաննիսյանն ասաց․ «Օդի մեջ խոսակցություն է։ Եթե առաջարկ ստանամ Իլոն Մասկի հետ Մարս թռնելու, եթե առաջարկ ստանամ այսօր երեկոյան հաճելի զրուցակցի հետ սրճելու, եթե առաջարկ ստանամ․․․ հազար ու մի առաջարկ կարելի է ստանալ։ Ձեր կարծիքով դա այնպիսի հարց է, որի պատասխանը գրպանումս պատրաստի պետք է ունենա՞մ։ Եթե այդպիսի առաջարկ լինի, դրա շուրջ պետք է լինելու մտածել, բայց եթե առաջարկ չկա ինչո՞ւ գլուխս ցավեցնեմ և մտածեմ»,- ասաց Իոաննիսյանը։
Թե ինչ կարծիք ունի ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանի վերաբերյալ՝ Իոաննիսյանը նկատեց՝ բազմիցս արտահայտել է իր մոտեցումը այդ մասին․ «Նա իր գործառույթների մի մասն իրականացնում է լավ, մի մասը՝ վատ։ Դրանից ավելի լիարժեք պատասխա՞ն։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, Ադրբեջանի կատարած միջազգային հումանիտար խախտումների և այլ հարցեր վերհանելու հետ կապված Թաթոյանը շատ լավ աշխատանք է կատարում։ Մարդու իրավունքների գաղափարը Հայաստանում զարգացնելու և երկրաժամկետ արժեքավորելու տեսանկյունից՝ վատ»,- եզրափակեց նա։
Մի քանի օր է ինչ հարցի շուրջ փորձում ենք մեկնաբանություն ստանալ նաև Էդմոն Մարուքյանից, սակայն այդպես էլ չի հաջողվում կապ հաստատել նրա հետ և պարզել, թե ինչպիսի՞ տրամադրվածություն ունի նա։
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, ընտրում է խորհրդարանը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով: Ի դեպ, ՄԻՊ պաշտոնը ստանձնող անձը չպետք է կուսակցական գործունեություն ծավալի։
Սոնա Հարությունյան