Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում մեր զորքերի հետ քաշվելը իրականացվել է բանավոր կերպով ՀՀ իշխանության կողմից. Սեյրան Օհանյան
PoliticalՄենք այստեղ հրավիրել էինք գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք որ տիրապետում են քաղաքական, ռամավարական, ռազմաքաղաքական նաև իրավական հենքերին: Այս քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ մենք այդպես էլ չստացանք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:
«Որևիցե մի հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ որ պատերազմն ավարտվել է, հատկապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում: Մեր եզրակացությունը մեկն է՝ այդ ամենը իրականացվել է բանավոր կերպով Հայաստանի հանրապետության իշխանության կողմից, իսկ թե ում կողմից, թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ պատերազմի ընթացքում ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը զբաղեցնելու վերաբերյալ. «Արագ կերպով պետք է կատարվեր մոբիլիզացիա, այն ինչ որ այսօր իրականացվում է, պետք է որոշումներ ընդունվեր, որոնց ժամանակահատվածը 1-2 ժամ է, ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու ժամանակահատվածը ընդամենը մի քանի օր է, բայց կատարվել է հակառակը: Օրինակ՝ Սյունիքի մարզում տեղական ինքնակառավարման մարմիններից, համայնքներից ստորաբաժանումներին ցուցում են տվել հետ քաշվել այն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում են»,- նշեց Սեյրան Օհանյանը: