Ապարանի համայնքապետի ՔՊ թեկնածուն՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու մասին
ПолитическиеԱյսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրեց, թե ովքեր են գլխավորելու դեկտեմբերի 5-ին Շիրակի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները: Հատկանշական է, որ ՔՊ այս հայտարարությունից հետո, թեկնածուների անվան հետ զուգահեռ սկսեցին շրջանառվել նաև լուրեր այն մասին, որ ՔՊ առաջադրած թեկնածուների մեծ մասը ինչ-որ կապ է ունեցել նախկինների՝ հիմնականում ՀՀԿ-ի հետ: Այս լուրը շրջանառվեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետի թեկնածու Էդգար Փարվանյանի անվան կողքին, որը գլխավորելու է ՔՊ-ի ավագանու ցուցակը։
Չնայած իր՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու մասին տարածված լուրերին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքապետի թեկնածուն հերքեց այն, սակայն հաստատեց, որ նախկինում առաջադրվել է այդ կուսակցությունով. «Ես չեմ եղել ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ով առաջադրվելն այլ բան է, դրա անդամը լինելը՝ լրիվ այլ: Ընդամենը այդ կուսակցությունով առաջադրվել եմ, այդքան մի բան: Վերջին տարիներին կուսակցական չեմ եղել»,- նշեց Էդգար Փարվանյանը՝ ընդգծելով, որ կեղծ փուչիկները քաղաքականության հետ որևէ աղերս չեն կարող ունենալ. «Մեղր ասելով` մարդու բերանը չի քաղցրանա, մարդկանց խաբել չի լինելու»:
Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ Ապարանի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ իրենց ընտրություններն ընթանալու են ժողովրդավարական երկրին բնորոշ սկզբունքների շրջանակներում. «Թող հաղթի նա, ով արժանի է, իսկ մեր կուսակցության աշխատանքը հետևյալն է՝ մենք գնում ենք դեպի հաղթանակը՝ հաշվի առնելով մեր գլխավոր շահառուին՝ հանրությանը»,- ասաց Էդգար Փարվանյանը՝ շեշտելով, որ հաղթողը իրենք են լինելու.
«Ամեն ինչ լավ է, ընտրությունները հաղթելու ենք, ժողովրդի խնդիրները համապատասխան ձևով լուծվելու են: Մեր համայնքը շատ լավն է, այն համախմբված է, ժողովուրդն էլ շատ աշխատասեր է՝ քարից հաց, հացից քար քամող է»,-եզրափակեց նա:
Զվարթ Պետրոսյան